712 վանիլային էկլերներ (Գրական թերթ, 20/02/2026)

 


712 վանիլային էկլերներ / Հովհաննես ԱԶՆԱՎՈՒՐՅԱՆ

– Նայի՛ր, շքամուտքից ծեր տղամարդ և կին դուրս եկան։ Տեսնո՞ւմ ես՝ ծերուկը ինչ հոգատարությամբ է թևից պահում կնոջը, որ նա սառույցի վրա չընկնի։ Տեսնո՞ւմ ես։ Վա՛յ, դե բարձրացրու պատուհանը, սառեցի՛նք, ու էլ չծխե՛ս իմ մեքենայում։ Ապրե՛ս։ Նեղացա՞ր։ Դե մի՛ թթվի՛ր։ Ասեմ քեզ, այդ ես եմ ոտքս ոլորել ռեստորանից դուրս գալիս, և նեղացողը ես պետք է լինեի։ Հաճելի ծերուկներ են, չէ՞։ Նայի՛ր, իրար ձեռք բռնեցին։ Իսկ դու ասում ես, թե հավերժ սեր չի լինում։ Ի դեպ, չմտածեցի՞ր, որ խոսքերդ կարող են նեղացնել ինձ։ Ստացվում է, դու նախապես կանխատեսել կամ ծրագրավորել ես մեր բաժանումը։ Ուրեմն, դու գիտես, որ ինձ թողնելու ես։ Այդպես չէ՞։ Ուրախ է, ի՛նչ խոսք, ապրե՛ս։ Սրիկա՛ ես դու։

Նա դժվարությամբ հանեց աջ սապոգը և տրորեց կոճը՝ թեթևակի սեղմելով այն գեղեցիկ մատներով և դեմքը ցավից ծամածռելով։

– Կարծես չի ուռչում։ Բախտդ բերե՛ց, – ասաց նա։

– Ի՞մ բախտը, – զարմացավ տղամարդը։

– Իհարկե քո՛։ Ի վերջո, դու առաջ ընկար՝ իմ մեքենան միացնելու, իսկ իմ մասին մոռացար, և ես աստիճանների վրա ոտքս ոլորեցի։ Այնպես որ՝ մեղավո՛ր ես։

– Առարկում եմ, Ձե՛րդ գերազանցություն։

– Հիմա՛ր։

Տղամարդն ու կինը՝ ոչ ծեր, ոչ էլ երիտասարդ, մի փոքր լռեցին, և նրանց դեմքերը երբեմն լուսավորում էին կողքով անցնող հատուկենտ մեքենաները։ Կնոջ մերսեդեսի սրահում տաք էր, նույնիսկ շոգ, և ցածր ինչ-որ ջազ էր հնչում։ Տղամարդը նորից ծխել ուզեց, բայց որոշեց ավելորդ անգամ չբարկացնել կնոջը։ Մարդավարի խնդրել էր, չէ, չծխել։ Այնպես որ, բարի եղե՛ք, մսյե՛, համբերել։ Այս սառնամանիքին դուրս հոմ չե՛ս գալու։

– Սապոգդ հագի՛ր, կօգնեմ քեզ մինչև վերելակ հասնել, – ասաց նա։

– Վա՛յ, պետք չէ, նստի՛ր։ Ես քեզ տուն կհասցնեմ։ Խիղճս կտանջի, եթե քեզ ոտքով մետրո ուղարկեմ։ Դու ավելի լավ է հավատա, որ այդպիսի սեր լինում է։ Եվ ընդհանրապես՝ սեր լինում է։ Ես գիտեմ այդպիսի սեր։

– Լո՞ւրջ։ Բայց դու ինձ ասում էիր, որ կես տարի առաջ բաժանվել ես քո հերթական ընկերոջից։ Իսկ հինգ տարի առաջ ամուսնալուծվել ես։

– Խոսքը իմ մասին չէ:

– Լավ։

Նրանք նորից լռեցին, և նորից մի պահ տղամարդու ու կնոջ դեմքերը լուսավորվեցին անցնող մեքենայի լուսարձակներով։ Փողոցը լայն էր, երկար՝ զարդարված ամանորյա լույսերով։ Փողոցի մի կողմում շարված տները, կարծես, փոքր-ինչ մռայլ ու սպառնալից նայում էին մյուս կողմում շարված տներին ու ցածրաձայն զրուցում։ Մի փոքր այն կողմ խաչմերուկն էր։ Դրա կողմերից մեկում գտնվում էր «Էդեմ» տարօրինակ անվամբ սրճարանը։ Տղամարդն ու կինը՝ դեռ ոչ ծեր, բայց արդեն ոչ էլ երիտասարդ, տեսան, թե ինչպես «Էդեմ» սրճարանի շենքի հետևից հայտնվեց ռազմական մեքենաների շարասյունը՝ բեռնատարներ, զինվորներով ավտոբուսներ, տանկեր, զրահափոխադրիչներ, քարշակվող հրետանի։ Խաչմերուկում թեքվելով՝ սրճարանների ու ռեստորանների ամանորյա կրակներով լուսավորված շարասյունը շարժվեց ներքև՝ գլխավոր աղեղնաձև փողոցով՝ առանց լուսացույցների տակ կանգնելու, իսկ հետո անհետացավ շրջադարձի հետևում։

– Ախր ես իսկապես գիտեմ այդպիսի սեր,- նորից խոսեց կինը։ – Նրանք 90-ականներին երևի մեր տարիքին էին։ Դու հիշո՞ւմ ես 90-ականները։

– Հիշում եմ։

– Այն ժամանակ ապրում էին ամուսին ու կին։ Որպեսզի փող աշխատի, ամուսնուն, դստերը կերակրի, կինը որոշեց էկլերներ թխել ու վաճառել։ Գիտե՞ս՝ ինչ դժվար է էկլերներ թխել փայտի վառարանի վրա։ Ոչ գազ կար, ոչ էլ՝ լույս։ Ընդհանրապես ոչինչ չկար։

– Հիշում եմ։

– Նա վաճառեց զարդերից ինչ հնարավոր էր, գնեց ալյուր, կաթ, շաքարավազ, վանիլ։ Երեք ամիս շարունակ կինը էկլերներ էր թխում ու շաբաթը մեկ անգամ հանձնում տան մոտի փոքր խանութ, որի տերը դրանք վաճառում էր։ Իսկ նրա ամուսինը՝ մաթեմատիկական գիտությունների դոկտորը, կոպեկներով բեռնակիր էր աշխատում օդանավակայանում։ Այսպես շարունակվեց երեք ամիս, մինչև մի օր, երբ հերթական անգամ կինը բերեց հանձնելու էկլերների բաժինը (այդ պահին նա արդեն թխել էր ուղիղ 712 վանիլային էկլեր), վաճառողուհին ասաց նրան.

– Կլարա ջան, դու էլ հա թխում ես այդ էկլերները, թխում, բայց գիտե՞ս, որ դրանք համարյա բոլորը ամուսինդ է գնում։ Այդպես դուք փող չեք վաստակի։

– Ո՞նց թե ամուսինս, – զարմացավ կինը։ – Ռոբե՞րտը։

– Իհարկե, Ռոբերտը։ Հենց քո Ռոբերտն էլ գնում է բոլոր էկլերները։ Վերցրու էկլերներիդ փողն ու խոսիր հետը։

Երեկոյան, երբ ամուսինը վերադարձավ աշխատանքից, Կլարան հարցրեց նրան, թե ինչու է նա այդպես վարվում։ Ամուսինը ծիծաղեց ու պատասխանեց.

– Գիտե՞ս, խանութի տերը, որտեղ դու հանձնում ես էկլերները, ասաց, որ դրանք ոչ ոք չի գնում։ Ես չէի ուզում, որ դու տխրես, դրա համար էլ ինքս էի գնում։ Ի դեպ, օդանավակայանի բեռնակիրները՝ իմ նոր գործընկերները, ուղղակի հիացած են քո էկլերներով։ Ազնի՛վ խոսք։

Հերթական մեքենան դուրս եկավ «Էդեմ» սրճարանի մոտի խաչմերուկ և, անցնելով մեծ սոսու տակ կանգնած մերսեդեսի կողքով՝ լուսավորեց տղամարդու ու կնոջ դեմքերը։

– Որտեղի՞ց գիտես նման մանրամասներ, – զարմացավ տղամարդը։

– Դե գիտե՛մ, էլի, – ծիծաղեց կինը։ – Տեսա՞ր ծերուկներին։ Դա նրանք են` Կլարան ու Ռոբերտը։ Եվ բացի այդ, նրանք իմ հայրիկն ու մայրիկն են։ Տենց։ Նենց որ հավատա՝ այդպիսի սեր լինում է։

– Հրաշալի է, – ասաց տղամարդը։ Նա շատ էր ուզում ծխել։ Բայց առաջվա պես որոշեց համբերել։

Կինը նորից տրորեց կոճը՝ թեթևակի սեղմելով այն իր գեղեցիկ մատներով, բայց այլևս ցավ չզգաց։

– Ոտքս ուռավ։ Սրիկա՛ ես դու։ Գիտե՞ս, ես քեզ տուն չեմ հասցնի։ Կներե՛ս։ Կոմպրես է պետք։ Օգնիր հագնել սապոգը, և ես տուն բարձրանամ։

Տղամարդը վառեց ծխախոտը, երբ կինը, մեկ ոտքի վրա կաղալով, արդեն անհետացավ շքամուտքում: Անցնելով փողոցը՝ նա քայլեց դեպի մետրո՝ «Եդեմ» սրճարանի կողքով։ Նա գիտեր, որ այլևս չի զանգահարի կնոջը։ Նա գիտեր, որ վաղ առավոտյան կհեռանա քաղաքից։

Ընթացող պատերազմներից մեկին։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Կարդալ կայքից