Պիոն­ներ (Գրական թերթ, 17․11․2023)





Դարձյալ ամառ էր։ Դռան ետևում կանգնած` նա լավ գիտեր, թե ինչ է կատարվում բնակարանի ներսում, ամեն ինչ՝ ամենայն մանրամասնությամբ։

Նրա զանգը լսելով՝ աղջիկը նախ ինքն իրեն օգնելով նստեց բազմոցի վրա, որի վրա մինչ այդ պառկած էր, շրջվեց, ապա դարձյալ ձեռքերի օգնությամբ իջեցրեց նախ աջ, հետո ձախ ոտքը։ Հետո բազմոցի ծայրին նստեց, ապա հաշմանդամի սայլակի արմնկակալներից բռնվելով` թափով ոտքի կանգնեց ու թրմփած իր սայլակի վրա, որը նրան ոտքի տեղ էր ծառայում։ Սայլակի վրա էլ գնաց դեպի նախասենյակ։

– Դո՞ւ ես։

– Հա՛։

Հետո նա բացեց կողպեքը, ետ քաշվեց սայլակով, քանի որ դուռը դեպի ներս էր բացվում։

– Նե՛րս արի, բացել եմ։

– Բարև,- տղան թեքվեց ու համբուրեց նրան։

– Բարև,- ասաց աղջիկը,- էլի պիոննե՜ր ես բերել։

– Գիտես,- ասաց տղան,- ես ձերոնցից բանալի կուզեմ, որ ամեն անգամ չչարչարվես։

– Ճիշտ կանես։

– Բայց կտա՞ն։

– Հա՛։ Քեզ հո գիտեն։ Մաման ասում է՝ լավ տղա ես։

– Էդպես էլ կա։

Սենյակում տղան նստեց բազմոցի վրա, իսկ աղջիկը մնաց իր սայլակին նստած։

– Ո՞նց քնեցիր։

– Ընտիր, իսկ դո՞ւ։

– Լավ էր, չեմ բողոքում։

– Երազ էի տեսել, բայց հիմա չեմ հիշում, թե ինչ,- ասաց աղջիկը։

– Ես չկայի՞ երազումդ։

– Չէ՛, թե չէ կհիշեի։

– Իսկ ի՞նչ էիր անում մինչև իմ գալը,- հարցրեց տղան։

– Քեզ էի սպասում։

– Չէ՛, լուրջ եմ ասում։

– Գիրք էի կարդում։

– Դեռ չե՞ս վերջացրել էդ գիրքը։

– Չէ՛, մի տասը էջ է մնացել։

– Իսկ հետո ի՞նչ ես պատրաստվում կարդալ։

– Դեռ չգիտեմ։ Մի ուրիշ բան կբերես, էլի։

– Անպայման։ Ես արդեն գիտեմ, թե որ գիրքն եմ քեզ համար բերելու։

– Ո՞րը։ Ասա՛։

Տղան ժպտաց։

– Կիմանաս, էլի։ Անակնկալ է։

Աղջիկը նստել էր հաշմանդամի իր սայլակի վրա, և հագին երկար ծաղկավոր սարաֆան էր, իսկ ուսերը մերկ էին ու նիհար։ Աչքերը շատ տխուր էին, քիթը՝ փոքր ու կորնթարդ, մազերը՝ մուգ դարչնագույն ու փափուկ, և նրանցից միշտ զարմանալի հոտ էր գալիս…

– Ինչո՞ւ լռեցիր։ Մի բան ասա՛։

– Մտածում եմ։

– Հետաքրքիր է՝ ինչի մասին։

– Որ քեզ սիրում եմ։

– Չեմ հավատում…

– Իիի՞նչ։

– Կատակ էր, լա՜վ,- ասաց աղջիկը։

– Ասելու բան չունե՞ս։

– Շնորհակալություն,- ասաց աղջիկը,- հյութ կուզե՞ս։

– Սիրո համար, ինչ է, շնորհակալությո՞ւն են ասում։

– Հաշմանդամին սիրելու համար՝ միշտ։ Հյութ կուզե՞ս։

– Դու հաշմանդամ չես։

– Բա քո կարծիքով երկար հեռավորությունների վազո՞րդ եմ։ Թե՞ ձողացատկող։

– Հյո՛ւթ բեր։

– Ինքդ էլ գնա ու բեր։ Սառնարանի մեջ է։ Բաժակներն էլ՝ պահարանում։

Տղան գնաց խոհանոց և վերադարձավ հյութով ու բաժակներով։

– Մաման էսօր ընդմիջման չի գա։

– Ավելի լավ,- ասաց տղան,- մեր ինչի՞ն է պետք մաման։ Մաման մեզ պետք չի։

– Անդուր ես, հա՜։ Մաման էլ քեզ նմանին սիրում է։

– Շատ էլ լավ է անում։ Ես էլ իրեն եմ սիրում, միայն թե հեռակա կարգով։ Օրինակ, երբ գործի է։

Աղջիկը ծիծաղեց։

– Իսկ պապայիս մասի՞ն ինչ կասես,- ասաց նա։

– Մուժիկ է,- ասաց տղան, և պարզ չէր՝ դա հաճոյախոսությո՞ւն էր, թե՞ հակառակը։

Նրանք հյութը խմեցին, հետո տղան բաժակները լվաց, ապա աղջիկն ասաց.

– Էսօր լրացավ տասնմեկերորդ ամիսը, ինչ ինձ հետ էս ամենը կատարվեց։

– Գիտեմ։ Մի՛ մտածիր դրա մասին։

– Չեմ կարող չմտածել,- ասաց նա,- թեև արդեն կարգավիճակիս հարմարվում եմ։

– Մի՛ մտածիր, ու վերջ,- ասաց տղան,- մի անգամ կատարվեց, էլ չի կատարվի։

– Հա՛։ Սրանից ավելի վատ էլ ի՞նչ պիտի լինի։

Տղան լռեց և միայն նայեց նրան։ Իսկ հետո ասաց.

– Մի օր կկարողանաս քայլել։

– Չէ՛… Լսի՛ր… Ինչո՞ւ ես հետս գլուխ դնում,- հանկարծ հարցրեց աղջիկը։

– Չհասկացա՛,- ասաց նա։

– Ինչո՞ւ չես ինձ թողնում, գնում։ Ուղիղ տասնմեկ ամիս է՝ գալիս ես մեր տուն, հետս դաս անում… Քո կարծիքով ինձ սիրո՞ւմ ես։

– Իհարկե։

– Դա սեր չէ,- ասաց աղջիկը,- խղճահարություն է։ Պարզապես խղճում ես ինձ, դրա համար էլ չես թողնում։

– Սխալվում ես։

– Չեմ սխալվում։ Ու դու դա շատ լավ գիտես։ Ուղղակի չգիտես, թե գլուխդ ոնց ինձանից ազատես։

– Բայց ես չեմ էլ ուզում գլուխս ազատել։ Ինչի՞ց ենթադրեցիր։

Եվ այդ պահին աղջիկը սկսեց լաց լինել։ Իսկ տղան ոգևորված ասաց.

– Ես ամուսնանալու եմ քեզ հետ։

Աղջիկը ծիծաղեց.

– Ապուշի՛ մեկը։

Իսկ հետո տղան գրկեց նրան ու զգուշությամբ նստեցրեց բազմոցի վրա։

– Այ հիմա, օրինակ, ի՞նչ ես անում։ Հը՞ն։

– Քրեորեն պատժելի ոչ մի բան։ Ուզում եմ ոտքերիդ նայել։

– Սարաֆանը չբարձրացնե՛ս, ա՛յ անամոթ։

– Ի՞նչ է։ Տանը մեզանից բացի էլի՞ մարդ կա։

– Չէ՛։

– Բա էլ ի՞նչ կա։ Մաման ընդմիջման չի գալու, պապան էլ հեռու է։

– Իմ ոտքերին չի կարելի նայել,- ասաց աղջիկը,- լավը չեն։ Կենդանի չեն։

– Դու աշխարհի ամենասիրուն ոտքերն ունես։

– Տո դու ի՜նչ գիտես աշխարհում ինչ կա-չկա։

– Դե՜, ֆիզկուլտի դասերին մյուս աղջիկների ոտքերին էլ եմ նայել։ Էնպես որ՝ գիտեմ։

Եվ սկսեց համբուրել նրա ոտքերը։ Երկար, ինչ-որ անհասկանալի, իր համար մի նոր պոռթկումով։ Երբ համբուրում էր նրա ոտքերը, աղջիկը ծիծաղեց։ Իսկ հետո շշնջաց.

– Պետք չի, լսո՞ւմ ես, պետք չի… Արի՛ դեղձ ուտենք։ Ուզում եմ դեղձ ուտել։ Խոհանոցում է։ Կբերե՞ս։

Տղան խոհանոցից դեղձերով, խաղողով ու խնձորներով լի սկահակ բերեց, դրեց նրա առջևի փոքր սեղանի վրա։

– Արի դեղձ ուտենք ու իրար խնդալու պատմություններ պատմենք։

– Արի։ Կամ էլ դեղձ ուտենք ու գնանք զբոսնելու։ Կուզե՞ս։

– Հա՛…

Նրանք կերան դեղձերը, հետո՝ խաղողը, իսկ հետո՝ խնձորները, հետո նայեցին աղջկա փոքր տարիքի լուսանկարները, իսկ երբ վերադարձան նրա ծնողները, չորսով ճաշեցին, և տղան նորից առաջարկեց նրան գնալ զբոսնելու։ Նախ շքամուտքի մոտ իջեցրեց հաշմանդամի սայլակը, ապա հոր օգնությամբ նաև աղջկան, և հարևանների հայացքների ներքո զգուշությամբ երկուսով նրան նստեցրին սայլակի վրա։

– Ո՞ւր ենք գնալու,- հարցրեց տղան։

– Մենակ թե ոչ Կարապի լիճ,- ասաց աղջիկը, շատ մարդ կա էնտեղ։ Էլի նայելու են ու խղճան։ Լսիր, ինձ խնդալու պատմություններ չես պատմելո՞ւ։

– Կպատմեմ։ Վաղը։

– Վաղն է՞լ կգաս։

– Իհարկե։ Ինչո՞ւ ես հարցնում։

– Գիտես, ամեն անգամ, երբ երեկոյան բաժանվում ենք, մտածում եմ, որ հաջորդ օրը կարող է բռնես ու չգաս։

– Ես կգամ,- ասաց տղան, հետո ավելացրեց,- ու միշտ կգամ։

Նրանք մինչև մութն ընկնելը զբոսնում էին քաղաքում։ Տղան քայլում էր նրա ետևից՝ հրելով սայլակը, իսկ աղջիկը, ժամանակ առ ժամանակ գլուխը ետ գցելով, ներքևից վերև նայում էր նրան։ Իսկ տղան մտածում էր, որ ինքը երջանիկ է։ Մտածում էր նաև, որ շատ ծիծաղելի պատմություններ կհորինի, որ վաղը պատմի նրան ու ծիծաղեցնի։ Նա սիրում էր, երբ աղջիկը ծիծաղում էր։ Նա սիրում էր այնպես անել, որ աղջիկը ծիծաղեր։ Իսկ հետո անսպասելիորն խնդրեց Աստծուց, որ Նա իրեն պահպանի, քանի որ պարտավոր էր հոգ տանել աղջկա համար…

Այդ օրվանից նա իրեն մեծ էր զգում։

Այդ ժամանակ նրանք ավարտում էին տասներորդ դասարանը, և տղան պատրաստվում էր կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ դիմել կամ նման մի բան։ Այդպես էլ չդիմեց։ Սկսեց ինչ-որ տեղ բեռնակիր աշխատել։

Չորս տարի անց, 2020-ի հոկտեմբերի սկզբին, 44-օրյա պատերազմի հինգերորդ օրը, վերջերս զորացրված լինելով՝ կամավորագրվեց բանակ ու հեռացավ Երևանից։ Վերադարձավ արդեն Եռաբլուր։

Լուսանկարի տակ, համեստ կոթողի վրա գրված էր.

Գևորգ Խաչատրյան 2000-2020 թթ.

Շիրիմի վրա միշտ թարմ ծաղիկներ էին։

Պիոններ։

2022 թ.

Թարգմանությունը՝
Մարիա ԼԱԶԱՐԵՎԱՅԻ

Կարդալ կայքից