Իսկ դու ինձ սի­րո՞ւմ ես (Գրական թերթ, 1․07․2022)


Իսկ դու ինձ սի­րո՞ւմ ես / ­Հով­հան­նես ԱԶՆԱՈՒՐՅԱՆ
01/07/2022 , ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ


We come from the land of the ice and snow,
From the midnight sun where
the hot springs blow.
How soft your fields so green,
Can whisper tales of gore…
Led Zeppelin, «Immigrant song»

Սուր­ճի բա­ժա­կի ափ­սեում մի­ջին տա­րի­քի, գլխին մեծ ու գույնզ­գույն ռոու­չով հա­մակ­րե­լի հնդկա­ցին խա­ղաց­կուն աչ­քով էր ա­նում և, ի­հար­կե, նման էր ջա­հել օ­րե­րի Գոյ­կո Մի­տի­չին։ Ափ­սեի մեջ հաս­տա՛տ ինչ-որ բա­նի սպա­սող եր­կու շերտ լայմ կար, և տ­ղա­մար­դը՝ հար­բած, չսափր­ված, մեծ շրջա­նակ­նե­րով ակ­նո­ցով, գոր­ծած գլխար­կով, մինչև վերջ կոճ­կված վան­դա­կա­վոր վեր­նա­շա­պի­կով, նստած բա­րի բարձր ա­թո­ռին նույն­պես ինչ-որ բա­նի էր սպա­սում, բայց նրա սպա­սու­մից ու սևե­ռուն հա­յաց­քից բա­ժակն ինքն ի­րեն չէր լցվում։ Եվ այդ ժա­մա­նակ նա գլխի ըն­կավ, որ պետք է օգ­նութ­յան դի­մել.
– Մաս­յա՜, ինձ է­լի՛ տե­կի­լա լցրու։ Լայմ կա, տե­կի­լա՝ չէ…
2022-ի մար­տի 31-ի ուր­բաթ ե­րե­կոն էր, և Եր­ևա­նի Բայ­րո­նի փո­ղո­ցի բազ­մա­թիվ սրճա­րան­նե­րից մե­կում, այ­ցե­լու­նե­րի սպա­սե­լի բազ­մութ­յան պատ­ճա­ռով բա­րի ետ­ևում հա­զիվ գոր­ծից գլուխ հա­նող Մագ­դան չո­րեց.
– Ինքդ լցնել չե՞ս կա­րող։ Հ­րեն, շի­շը դրել եմ դի­մացդ։ Ինչ­քան քեֆդ տա­լիս է, լցրու։ Շի­շը քոնն է։
– Շի­շը մեծ է, բա­ժա­կը՝ պու­ճուր… Բա որ վրի­պե՞մ։
Բայց Մագ­դան ձեռ­քը միայն թափ տվեց, ա­սես զզվեց­նող ճանճ էր քշում ու շա­րու­նա­կեց աշ­խա­տել սալ­սա­յի տեմ­պով։
– Մաս­յա՜…
– Ու ինձ էլ Մաս­յա չա­սե՛ս։
Եվ այդ ժա­մա­նակ նա իր կող­քին ծի­ծաղ լսեց՝ շատ-շատ մո­տի­կից։ Եվ շրջվեց դե­պի այդ ծի­ծա­ղը։ Եվ նա­յեց այդ ծի­ծա­ղի վրա։ Եվ ծի­ծա­ղը նրան ա­սաց.
– Խե՜ղճ… Կու­զե՞ք՝ ես լցնեմ։ Դուք հաս­տատ բա­ժա­կի մեջ չեք լցնի։ Բայց ձեր ձեռ­քը դուք եք լի­զե­լու, կնե­րե՛ք, ի­հար­կե։
Տ­ղա­մար­դը հար­բած գլխով ա­րեց։
Ծի­ծաղ-աղ­ջի­կը լցրեց նրա բա­ժա­կը, տղա­մար­դը խմեց, լայ­մը գցեց բե­րա­նը, բա­վա­կա­նութ­յու­նից կռնչաց, շնոր­հա­կա­լութ­յուն հայտ­նեց։ Ու­շա­դիր նա­յեց նրան՝ փոր­ձե­լով ֆո­կու­սը չկորց­նել ակ­նո­ցի տա­կից, ինչն այն­քան էլ հեշտ բան չէր «այդ­քան տե­կի­լա­յից» հե­տո. կարճ կտրած մա­զեր, ո­ճա­յին ակ­նոց, կո­պիտ, սև կո­շիկ­ներ, խոր կտրված­քով թեթև զգեստ՝ ճմրթված, վեր­ջին տա­րի­նե­րին նո­րաոճ հա­մար­վող տրեն­չի տա­կից, դաս­տա­կից մինչև ար­մունկ հաս­նող դաջ­վածք՝ սո­լի բա­նա­լի ու ինչ-որ մե­ղե­դու մի քա­նի տակտ։
– Քա­նի էս­տեղ եմ՝ դի­մեք,- ա­սաց աղ­ջի­կը։
– Իսկ եր­կա՞ր եք էս­տեղ մնա­լու,- հարց­րեց տղա­մար­դը։
– Մար­տի 10-ին եմ ե­կել։ Վա­ղը լու­սա­բա­ցին, վաղն ապ­րի­լի 1-ն­ է, չէ՞, լու­սա­բա­ցին մեկ­նում եմ։ Վիեն­նա­յով Թել Ա­վիվ։
– Կ­նե­րե՛ք, է­սօր­վա մա­սին էի հարց­նում։ Եր­կա՞ր եք մնա­լու։ Ի­մա­նամ, է­լի…- ու ցույց տվեց ար­դեն դա­տարկ բա­ժա­կը։
– Հաաա՜,- աղ­ջի­կը նո­րից ծի­ծա­ղեց,- դե, չգի­տեմ… Տես­նենք։
– Եվ ձեր ա­նո՞ւ­նը…
– Ի­րի­նա։ Ի­րա։ Իսկ ձե՞­րը։
– Ռու­բեն։ Ռու­բիկ։
– Հա­ճե­լի է, Ռու­բեն։
– Ն­մա­նա­պես, Ի­րի­նա, բայց ծա­նո­թութ­յան հա­մար պետք է խմել։
– Խ­մե՛ք։
– Չե՞ք լցնի։
– Ախ, հաա՜։
Սր­ճա­րա­նը լեփ-լե­ցուն էր։ Մար­դիկ ի­րար քիպ կպած-կանգ­նած էին սրա­հի կենտ­րո­նում, ա­սես հան­րա­հա­վա­քում լի­նեին, խո­սում էին, գա­րե­ջուր խմում, կոկ­տեյլ­ներ, ինչ-որ մե­կը՝ սուրճ։ Ն­րան­ցից մե­կին՝ վո­րո­նեժ­ցի Դի­մա­յին, բո­լորն ար­դեն ճա­նա­չում էին. ինչ­պես միշտ հար­բած, ճոճ­վե­լով մո­տե­նում էր սրճա­րա­նի այ­ցե­լու­նե­րին ու հարց­նում. «Իսկ դու ինձ սի­րո՞ւմ ես»։ Եվ այ­ցե­լու­ներն ինչ-որ բան էին պա­տաս­խա­նում՝ սո­վո­րա­բար կա­տա­կե­լով ծաղ­րում էին, բայց՝ ա­ռանց չա­րութ­յան։ Ռու­բե­նը մտա­ծեց, որ հա­ջո­ղեց մեկ ժամ ա­ռաջ նստել պա­տին մո­տիկ, բա­րի բարձր ա­թո­ռա­կի վրա։ Հի­մա որ հաս­տատ տեղ չէր գտնի։ Մ­տա­ծեց նաև, որ չնկա­տեց՝ ինչ­պես կող­քին նստեց Ի­րի­նան։ Հի­շում էր, որ նրա տե­ղում ինչ-որ տղա էր նստած։ Եկ­վոր­նե­րից։ Տես­քից՝ ծրագ­րա­վո­րող։ Թեև հաս­տատ չես ի­մա­նա. նրանք բո­լորն էլ, չգի­տես ին­չու, ծրագ­րա­վո­րո­ղի են նման։
– Ձ­յու­նը դեռ գա­լի՞ս է,- հարց­րեց Ռու­բե­նը։
– Գա­լիս է,- պա­տաս­խա­նեց Ի­րի­նան,- ոնց տես­նում եմ, վա­ղուց եք էս­տեղ։
– Վա­ղուց…
– Դա հաս­կա­ցա։ Բայց մի այլ բան չեմ հաս­կա­նում, ո՞ր… մեղ­քիս հա­մար է Եր­ևա­նում չորս օր ան­դա­դար ձյուն գա­լիս։ Էն էլ՝ մարտ ամ­սին։
– Դե, չգի­տեմ,- պա­տաս­խա­նեց Ռու­բե­նը:- Գու­ցե տա­րին է էդ­պես։ Մոսկ­վա­յի՞ց եք։
– Ին­չո՞ւ… Ին­չո՞ւ միան­գա­մից Մոսկ­վա­յից։
– Չ­գի­տեմ։ Մ­տա­ծե­ցի՝ գու­ցե Մոսկ­վա­յից եք։
Ի­րի­նան ծի­ծա­ղեց.
– Նե­րե­ցեք, նյար­դերս են… Հա՛, Մոսկ­վա­յից եմ։ Մայ­րա­քա­ղա­քից։ Իսկ դուք պա­տա­հա­բար օր­գան­նե­րում չե՞ք աշ­խա­տում։
Հար­բած Ռու­բե­նը քրքջաց.
– Չէ՛, ո՛չ ձեր, ո՛չ էլ մեր։ Կար­ծում եք, դրան­ցից շա՞տ են ե­կել։ Դե… ընդ­հա­նուր հոս­քի հետ։
– Հա­վա­նա­բար։ Չ­գի­տեմ։ Ե­կեք էդ մա­սին չխո­սենք։
Հե­տո Ռու­բի­կը հարց­րեց՝ Ի­րի­նա­յին դո՞ւր է գա­լիս Եր­ևա­նը։ Ճի՞շտ է, որ եկ­վոր­նե­րը Եր­ևա­նին «Երիկ» են ա­սում՝ «Վ­լա­դի­կի», «­Յա­րի­կի» հան­գույն, ու ճի՞շտ է, որ բնա­կա­րան­նե­րի գներն ան­նոր­մալ թան­կա­ցել են (իբր ին­քը չգի­տեր) և­ այլն։ Ի­րի­նան համ­բե­րա­տար պա­տաս­խա­նում էր և մե­քե­նա­յա­բար տե­կի­լա լցնում, երբ Ռու­բի­կը մա­տի թա­տե­րա­յին շար­ժու­մով ցույց էր տա­լիս հի­մար ու ան­տե­ղի դա­տարկ բա­ժա­կը, իսկ հե­տո անս­պա­սե­լի հարց­րեց.
– Ին­չո՞ւ դժբախտ եք։
– Հա՞ որ,- զար­մա­ցավ Ռու­բի­կը,- դժբա՞խտ եմ երևում։
– Շա՛տ։
– Հի­մա բո­լորն են դժբախտ։
– Հի­մա բո­լո­րը հի­մար են,- ա­սաց աղ­ջի­կը։
Եկ­վոր ե­րի­տա­սարդ աղ­ջիկ­ներն ու տղա­նե­րը, իսկ նրանք սրճա­րա­նում տե­ղա­ցի­նե­րից շատ էին, այս ու այն կողմ էին ա­նում, ծա­նո­թա­նում, խմում էին ի­րենց գա­րե­ջու­րը, մո­տե­նում եկ­վոր մյուս աղ­ջիկ-տղա­նե­րին, ծա­նո­թա­նում, պատ­վի­րում, զրու­ցում, եր­բեմն ինչ-որ բա­նի շուրջ էին վի­ճում… Վո­րո­նեժ­ցի Դի­ման շա­րու­նա­կում էր կպչել սրան-նրան, տա­լով իր մշտա­կան հար­ցը. «Իսկ դու ինձ սի­րո՞ւմ ես»։ Եվ այ­ցե­լու­նե­րը դարձ­յալ կա­տա­կով ծաղ­րում էին, բայց՝ ա­ռանց չա­րութ­յան։
­Բա­րին մո­տե­ցավ Մա­շա ա­նու­նով աղ­ջի­կը՝ ճեփ-ճեր­մա­կա­հեր ու պե­պե­նոտ, նրա «տե­ղա­փոխ­ված» ըն­տա­նի­քի հետ Ռու­բե­նը մի քա­նի օր ա­ռաջ էր ծա­նո­թա­ցել և հիմ­նա­վո­րա­պես խմել։
– Ձ­յաձ­յա՛ ջան, է­լի՞ եք բա­նաս­տեղ­ծութ­յուն կար­դա­լու,- հարց­րեց նա։
– Չէ՜, է­սօր­վա հա­մար հե­րիք է,- ա­սաց Ռու­բի­կը։
– Լավ է, թե չէ քույրս՝ Ա­լի­նան, ու­զում էր կի­թառ նվա­գել,- ա­սաց Մա­շան ու փա­խավ։
Ի­րի­նան հեր­թա­կան ան­գամ տե­կի­լա լցրեց Ռու­բե­նի դա­տարկ բա­ժակն ու ծի­ծա­ղեց։
– Փաս­տո­րեն էս­տեղ բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ եք կար­դա­ցել։ Տես, է՛, ի՜նչ եմ բաց թո­ղել։
– Ե­սիմ ինչ չէր,- ա­սաց Ռու­բե­նը,- բայց հա­սա­րա­կութ­յա­նը կար­ծես թե դուր ե­կավ։
– Հա­մես­տութ­յուն մի՛ ա­րեք։ Ձեր տա­րի­քին սա­զա­կան չէ։ 50 կաք ար­դեն, չէ՞։ Չ­նա­յած՝ էդ­քան չեք երևում… Վա՜յ, ի՜նչ ափ­սոս, որ ուշ ե­կա։
– Էդ ի՜նչ է,- կնճռոտ­վեց Ռու­բե­նը,- դուք ինձ ե­րեկ պի­տի տես­նեինք։ Զու­գա­րա­նի դռան մոտ կանգ­նել, բո­լո­րի ա­ռաջ շվեյ­ցա­րի նման դուռն էի բա­ցում և ներս հրա­վի­րե­լով հա­ճե­լի լից­քա­թա­փում մաղ­թում։ Էդ­պես եր­կար շա­րու­նակ­վեց, մինչև ինչ-որ մե­կը բո­ղո­քեց, ու Մագ­դան ինձ էդ­տե­ղից վռնդեց։
– Խն­դա­լու է,- ծի­ծա­ղեց Ի­րի­նան:
– Դե հա, խնդա­լուց կմեռ­նես։
Լ­սե­ցին պե­պե­նոտ Մա­շա­յի քրոջ՝ Ա­լի­նա­յի եր­գը կի­թա­ռի նվա­գակ­ցութ­յամբ, հե­տո հան­պատ­րաս­տից բստրած բե­մին ե­րի­տա­սարդ վիր­տո­ւոզ ջու­թա­կա­հար Հա­կո­բը չար­դաշ կա­տա­րեց, հե­տո՝ Բա­բա­ջան­յա­նի «Է­լե­գիան»։ Հե­տո նա մո­տե­ցավ բա­րին, որ­տեղ նստած էին Ռու­բենն ու Ի­րի­նան, ու գա­րե­ջուր պատ­վի­րեց։ Ռու­բե­նը վերց­րեց Ի­րի­նա­յի ձեռքն ու Հա­կո­բին ցույց տա­լով՝ հարց­րեց.
– Հա­կո՛բ ջան, սա կա­րո՞ղ ես նվա­գել։
Ջու­թա­կա­հա­րը նա­յեց դաջ­ված­քին, ա­սաց, որ դա մի-մի­նոր է, ա­սաց, որ այս­պես է հնչում՝ «­Տամ-տամ-տա-դամ-տամ-տամ…», որ դրանք Շո­պե­նի Ա­ռա­ջին կոն­ցեր­տի ա­ռա­ջին տակտ­ներն են, որ Ի­րի­նա­յի հետ ար­դեն մի քա­նի օր­վա ծա­նոթ­ներ են, որ այն օ­րը, երբ Ռու­բենն այս­տեղ չէր, նրանք նույ­նիսկ միա­սին են նվա­գել սրճա­րա­նում։
– Ինձ հարց­նեիք՝ կա­սեի, թե ինչ նո­տա­ներ են,- ժպտաց Ի­րի­նան Ռու­բե­նին,- դաշ­նա­կա­հա­րու­հի եմ։ Գ­նե­սինն եմ ա­վար­տել։ Ն­վա­գակ­ցում եմ… Հա­մերգ­ներ էի տա­լիս…
– Չ­գի­տեի, որ դա­սա­կան դաշ­նա­կա­հա­րու­հի­նե­րը դաջ­վածք­ներ ու­նեն,- փոր­ձեց խայ­թել հար­բած Ռու­բե­նը։
Ի­րի­նան հա­կա­դար­ձեց.
– Ոնց եր­ևում է՝ շատ բան չգի­տեք դա­սա­կան դաշ­նա­կա­հա­րու­հի­նե­րի մա­սին։
Եվ այդ ժա­մա­նակ նրանք ի­րենց ետ­ևում լսե­ցին վո­րո­նեժ­ցի Դի­մա­յի հար­բած ձայ­նը.
– Իսկ դու ինձ սի­րո՞ւմ ես։
­Հե­տո ո­րո­շե­ցին դուրս գալ սրճա­րա­նի մուտ­քի սան­դուղ­քի վրա ծխե­լու՝ Ռու­բե­նը, Ի­րի­նան, ջու­թա­կա­հար Հա­կո­բը, վո­րո­նեժ­ցի Դի­ման, Լու­կան՝ Փա­րի­զից, Թո­մա­սը՝ Ա­րի­զո­նա­յից և ն­րանց միա­ցած պե­տեր­բուրգ­ցի Սեր­գե­յը։ Ձ­յու­նը չէր դա­դա­րում և պարզ էր, որ ամ­բողջ գի­շեր գա­լու էր։ Սի­գա­րետ վա­ռե­լով՝ Ի­րի­նան նստեց նստա­րա­նին, ի­զուր փոր­ձե­լով տրեն­չի փե­շով ծած­կել մար­մա­րե մերկ ազդ­րը։ Տ­ղա­մար­դիկ մնա­ցին կանգ­նած։
– Ես ու կինս էլ կար­ծում էինք, թե ար­ևա­յին Եր­ևան ենք գա­լիս,- ծի­ծա­ղեց պե­տեր­բուրգ­ցի Սեր­գե­յը։ Նա վեր­ջին տա­րի­նե­րին նո­րաոճ դար­ձած վեյփ էր ծխում։
Ռու­բե­նը, ծու­խը ներս քա­շե­լով ու փոր­ձե­լով սան­դուղ­քի նեղ հար­թա­կի վրա պա­հել հա­վա­սա­րա­կշռութ­յու­նը, պա­տաս­խա­նեց.
– Եր­ևանն այլևս ար­ևա­յին չէ։ 20 թվից ար­ևա­յին չէ՛։
Սեր­գե­յը ո­չինչ չպա­տաս­խա­նեց։ Ի­րի­նան իր մոխ­րա­գույն աչ­քե­րը հա­ռեց Ռու­բե­նի վրա ու հարց­րեց, թե նա ին­չով է զբաղ­վում՝ սրճա­րան­նե­րում բա­նաս­տեղ­ծութ­յուն­ներ կար­դա­լուց բա­ցի։ Ռու­բենն ա­սաց, որ ին­քը պար­զա­պես ճար­տա­րա­պետ-դի­զայ­ներ է, ա­ռանձ­նա­հա­տուկ ոչ մի բան։
Երբ զրույցն ընդ­հա­նուր դար­ձավ, երբ հե­տո ի­րար ետ­ևից ներս մտան տաք սրճա­րա­նը, Ի­րի­նան նո­րից հարց­րեց Ռու­բե­նին.
– Եվ ու­րեմն՝ ին­չո՞ւ եք դժբախտ։
– Իսկ դո՞ւք։
– Ձեզ ո՞վ ա­սաց, որ դժբախտ եմ։ Ես դժբախտ չեմ։ Մո­լոր­ված եմ։ Չ­գի­տեմ՝ ոնց շա­րու­նա­կեմ ապ­րել։ Չ­գի­տեմ, ինչ է լի­նե­լու հե­տո: Ես ո­չինչ չգի­տեմ: Իսկ դուք դժբախտ եք։
Ռու­բե­նը է­լի տե­կի­լա խմեց, հե­տո նո­րից խմեց, հե­տո է­լի խմեց ու պա­տաս­խա­նեց։ Ա­սաց, որ սկզբում ինքն էլ էր մո­լոր­ված ու դա­տարկ­ված, իսկ հե­տո դար­ձավ դժբախտ, ո­րով­հետև ոչն­չով հնա­րա­վոր չէր լցնել դա­տար­կութ­յու­նը։ Ա­սաց, որ երբ չես հա­վա­տում, էլ եր­բեք չես լցվում։ Ա՛յ, այդ ժա­մա­նակ դառ­նում ես դժբախտ։ Բայց ինքն ու­զում է նո­րից հա­վա­տալ։ Ինչ-որ բա­նի կամ ինչ-որ մե­կին։ Այն­քան հա­վա­տալ, որ գնալ։ Ինչ-որ մե­կի ետ­ևից գնալ։ Որ ու­զում է հպար­տա­նալ ու չա­մա­չել։ Ու­զում է, որ գան նրանք, ում վեր­ջա­պես կա­րե­լի է հա­վա­տալ։ Որ ան­հա­վա­տութ­յու­նից հոգ­նել է։ Չէ՞ որ երբ ոչ մի բա­նի կամ ոչ ո­քի չես հա­վա­տում, եր­կի­րը ձեռ­քիցդ գնում է, ու դու կորց­նում ես նրան։ Նա ա­վե­լի ու ա­վե­լի թա­փան­ցիկ է դառ­նում, և­ ար­դեն անհ­նար է դառ­նում նրան զգա­լը։ Եր­կի­րը միշտ ներ­սից ես կորց­նում, ոչ թե դրսից։ Երբ չկան այդ­պի­սի հե­րոս­ներ ու չկան այդ­պի­սի գրքեր։ Հե­րոս­ներն ու գրքե­րը պետք են, որ­պես­զի կա­րո­ղա­նաս տես­նել ա­պա­գան…
– Ա­րի համ­բու­րեմ քեզ, Ռու­բի՛կ ջան…
– Համ­բու­րի՛ր ինձ, Ի­րա՛ ջան…
Եվ այդ ժա­մա­նակ նրանք ու բո­լո­րը սրճա­րա­նում գո­ռոց լսե­ցին. «­Դե գնա՛… Զզ­վեց­րիր ար­դեն», հե­տո է­լի ինչ-որ ճի­չեր, հե­տո սրճա­րա­նում լռութ­յուն տի­րեց, ո­րով­հետև Մագ­դան բա­րի ետ­ևում ան­ջա­տեց ե­րաժշ­տութ­յու­նը։ Երբ բո­լո­րը մի կողմ քաշ­վե­ցին, Ռու­բենն ու Ի­րան սրճա­րա­նի հա­տա­կին վո­րո­նեժ­ցի Դի­մա­յին տե­սան։ Ջարդ­ված ար­նոտ քթով ու կայ­ծակ­նա­յին ա­րա­գութ­յամբ ուռ­չող շրթուն­քով։ Նա ժպտաց ու փոր­ձեց վեր կե­նալ, թեև՝ ան­հա­ջող։
– Բայց ի՜նչ ա­պուշ ես դու,- շշնջաց նա,- ի՜նչ ա­պուշ ես։
Պարզ­վեց՝ հեր­թա­կան ան­գամ այ­ցե­լու­նե­րին մո­տե­նա­լիս Դի­ման դեմ էր ա­ռել պե­տեր­բուրգ­ցի Սեր­գե­յի կնոջն ու տվել իր լե­գեն­դար դար­ձած հար­ցը. «Իսկ դու ինձ սի­րո՞ւմ ես»։ Դե, պե­տեր­բուրգ­ցի Սեր­գեյն էլ չդի­մա­նա­լով՝ նո­կաու­տի էր են­թար­կել Դի­մա­յին։
Ի վեր­ջո վո­րո­նեժ­ցի Դի­մա­յին հա­ջող­վեց ոտ­քի կանգ­նել, և բո­լո­րը տե­սան, թե նա ինչ­պես գրպա­նից հա­նեց հե­ռա­խո­սը, ու բո­լո­րը լսե­ցին, ինչ­պես նա ա­սաց.
– Ոս­տի­կա­նութ­յուն եմ զան­գում…
– Կու­զե՞ս գնանք, – Ի­րի­նա­յին հարց­րեց Ռու­բե­նը։
Աղ­ջի­կը գլխով ա­րեց։
Պարզ­վեց՝ Ի­րի­նան մեկ­սեն­յա­կա­նոց բնա­կա­րան էր վար­ձել Սար­յա­նի վերջ­նա­մա­սում՝ փոս­տի շեն­քի կող­քին, և Ռու­բենն ա­սաց, որ կու­ղեկ­ցի նրան։
Ար­դեն վա­ղուց կես­գի­շեր էր, մե­քե­նա­ներ հա­մար­յա չկա­յին, և ձ­յու­նը շա­րու­նա­կում էր գալ և, չգի­տես ին­չու, մա­նու­շա­կի հոտն ու­ներ։ Գու­ցե այն պատ­ճա­ռով, որ ի վեր­ջո ապ­րիլն էր։ Ն­րանք քայ­լե­ցին Սա­յաթ-­Նո­վա փո­ղո­ցով, հե­տո թեք­վե­ցին դե­պի Մաշ­տոց, հե­տո Թու­ման­յա­նով բարձ­րա­ցան ու դուրս ե­կան Սար­յան։ Այս­տեղ, չնա­յած ուշ ժա­մին, ո­րոշ սրճա­րան­ներ դեռ բաց էին։ Շ­քա­մուտ­քի մոտ Ռու­բե­նը հարց­րեց.
– Իսկ դու հրա­ժեշտ տա­լուց է­լի կհամ­բու­րե՞ս ինձ։
– Իսկ դու ինձ հետ վերև կբարձ­րա­նա՞ս,- հարց­րեց Ի­րի­նան։
Տա­նը Ռու­բե­նը նստեց մահ­ճա­կա­լին ու աղջ­կան իր կող­մը քա­շեց.
– Հի­մա՛ ա­րի ինձ մոտ,- գրկեց ազդ­րերն ու շո­յեց։
– Չէ՛։ Պի­տի ցնցուղ ըն­դու­նեմ։ Իսկ դու հան­վիր ու պառ­կիր։ Ես շուտ կգամ։
Երբ Ի­րան, սրբի­չով փա­թաթ­ված, պա­րա­նո­ցի փո­սիկ­նե­րի մեջ՝ ջրի կա­թիլ­ներ, լո­գա­սեն­յա­կից վե­րա­դար­ձավ սեն­յակ, Ռու­բենն ար­դեն քնել էր՝ բաճ­կո­նով, կո­շիկ­նե­րով, հենց ծած­կո­ցի վրա։ Ի­րի­նան նրան չարթ­նաց­րեց։ Կող­քի շրջեց նրան, որ հան­կարծ չխեղդ­վի, հագն­վեց, տաք­սի կան­չեց, ճամպ­րու­կը վերց­րեց ու դուրս ե­կավ բնա­կա­րա­նից։
Նա մտա­ծում էր, որ ան­պայ­ման WhatsApp-ով օ­դա­նա­վա­կա­յա­նից կգրի նրան։
Ինչ-որ բան կգրի։
Կամ գու­ցե կհարց­նի.
– Իսկ դու ինձ սի­րո՞ւմ ես։
Բայց հե­տո հի­շեց, որ նրա հե­ռա­խո­սի հա­մարն այն­պես էլ չվերց­րեց։

08.05.2022 թ.
Թարգ­մա­նութ­յու­նը՝ Մա­րիա ԼԱԶԱՐԵՎԱՅԻ