воскресенье, 4 февраля 2018 г.

Канк.орг, 2.04.2018 ("Оставить сердце на войне")



Հովհաննես ԱԶՆԱՈՒՐՅԱՆ | Սիրտը թողած պատերազմում

Սենյակ: Բազկաթոռ, բազմոց: Պատին` հին ժամացույց: Սեղանը` մեծ, ժամացույցի տակ, սեղանը` փոքր, բազմոցի դիմաց: Հենց նոր խմված սուրճ, հանգցրած ծխախոտ: Միացրած հեռուստացույց: Անգիտակցաբար թերթում ես ալիքները` դադար չառնելով որևէ մեկի վրա: Երեքամյա դուստրդ անընդհատ սենյակ է մտնում-դուրս գալիս:
-Պապա՛, նայի՛, թե ինչ կոշիկներ ունեմ: Պապա՛, բա հյուսերս, նայի՛:
Փորձում ես ժպտալ, բայց չի ստացվում, չես կարողանում պատասխանել: Նորից ես ծխում` շարունակելով թերթել ալիքները: «Սափրվե՞մ, հը՞ն»,- զնգում է գլխումդ, բայց հետո որոշում ես վաղվա օրվան թողնել սափրվելու այդ հիմար ու անպետք ծեսը:
-Պա՛պ, նայի՛, թե ինչ տիկնիկ են ինձ նվիրել:
-Ո՞վ է նվիրել:

-Մի քեռի…


Մտքով դառնում ես գիշերվան` շոգ, տոթ: Հիշում ես, որ անձրև էր գալիս: Հիշում ես կնոջդ գալարուն շարժումները, բայց ոչ մի կերպ չես կարողանում հիշել ինքդ քեզ: Կնոջդ հիշում ես, քեզ` ոչ: Միայն հիշում ես, որ գործդ արագ ավարտեցիր, իսկ կինդ հետո ինքնուրույն հասավ ավարտին, իսկ դու արդեն դրա վրա թքած ունեիր: Հիշում ես նրա հևուն շնչառությունը և հետո անկողնում կողքիդ շուռումուռ գալը… Զգացածդ, ընդ որում, չես հիշում:


-Պա՛պ, իսկ մենք էսօր զբոսնելու կգնա՞նք:


-Մաման կորոշի:


-Մաման ասաց, որ քեզ հարցնեմ:


Ոչինչ չես պատասխանում: Զայրանում ես, որ կինդ նման հարցի որոշումը քեզ վրա է թողել: Աղջիկդ, պատասխանի չսպասելով, վազում է խոհանոց: Առանց հառաչելու՝ նոր ծխախոտ ես վառում: Թերթում ես հեռուստացույցի ալիքները: Լսում ես դրսում թափվող անձրևի ձայնը:


Սենյակ է մտնում մայրդ.


-Չէի՞ր սափրվի: Տունդ մարդ է գալու:


-Չէ՛:


-Ախր ո՜նց կարելի է էդպես չսափրված ման գալ: Խո՛սք տուր, որ կսափրվես:


-Չէ:


Մայրդ գնում է: «Է՛հ, հիմա՛ր կին»,- մտածում ես:- «Իբր թե սափրվել-չսափրվելը աշխարհիս ամենակարևոր հարցն է…»


Հառաչում ես, բայց չես ծխում: Ամբողջովին անջատում ես հեռուստացույցի ձայնը. ավելի լավ է անձրևի ձայնը լսել: «Ինչ վատ էր, որ այնտեղ՝ լեռներում, անձրև էր գալիս»,- հանկարծ մտածում ես դու, բայց մի անասելի կամքով փորձում ես հուշերիդ գիրկը չընկնել:


Սենյակ է մտնում կինդ` աղջկադ ձեռքը բռնած.


-Եթե մամադ գոնե երկու րոպեով գազօջախի մոտից հեռու գնար, երեխու համար շիլա կեփեմ: Ի՞նչ է, չի՞ հասկանում, որ երեխան պիտի սնվի:


-Պա՛պ, մաման ուզում է ինձ համար շիլայիկ եփի, իսկ տատիկը խանգարում է,- ասում է աղջիկդ:


-Ո՞վ է տուն գալու,- հարցնում ես` ինքդ էլ զարմանալով քո` արդեն հեռացած, օտար, մեռյալ ձայնի վրա:


-Ձեր բարեկամներից: Քեզ են ուզում շնորհավորել վերադառնալուդ առթիվ,- պատասխանում է կինդ:


-Բայց ես արդեն երկու շաբաթ է` վերադարձել եմ:


-Քո՛ բարեկամներն են: Դո՛ւ լավ կիմանաս: Մորդ կասե՞ս, որ թողնի երեխուն շիլա եփեմ:


-Չէ՛:


Ծխում ես: Հեռուստացույցի ձայնն ավելի ես բարձրացնում, եռանդով փոխում ես ալիքները: Հետո փակում ես աչքերդ ու սավառնում հեռու-հեռու՝ դեպի լեռներ, ուր ամեն ինչ այնքան պարզ է ու հասարակ: Եվ դու այլևս չես լսում ոչ հաղորդավարի, ոչ էլ պատուհանի այն կողմում թափվող անձրևի ձայնը: Միայն լռությունն ես լսում՝ այն միակ, անկրկնելի լեռնային լռությունը, և ինչ-որ տեղ՝ ներքևում, ստեպ-ստեպ լսվում է կրակ արձակող հրացանի ճարճատյունը: «Ա՛յ, միայն թե անձրև չգա»,- այն ժամանակ մտածում էիր դու: Որովհետև անձրևից հետո մշուշ էր լինում, իսկ մշուշն ամենավատ բանն էր, որ կարող էր պատահել. թշնամին կարող էր գաղտագողի այնպես մոտենալ, որ նույնիսկ չնկատեիր: Այդ օրը անձրև այդպես էլ չեկավ, և առհասարակ, ոչինչ էլ տեղի չունեցավ այդ օրը, և բացի պոստավորներից, բոլորն ընթրել ու պառկել էին քնելու… Անձրևը գիշերը եկավ, իսկ լուսաբացից առաջ սարի լանջը ծածկվեց ամպով. ոչ ոք այդ բանը չէր սպասում…


-Հացի է պետք գնալ: Լսո՞ւմ ես: Նախաճաշելու ենք, տանը հաց չկա:


Բացում ես աչքերդ` դժվարությամբ վերադառնալով այն հեռվից՝ լեռների լռությունից: Քո առջև կանգնած է մայրդ` կարմրած, արդեն ծերացած ձեռքերը գոգնոցի ծայրով սրբելով: Սենյակ է վազում աղջիկդ` ամբողջությամբ շիլայոտված.


-Պապա՛, գալիս եմ հետդ:


-Չէ՛:


-Լավ էլի՜, խնդրո՜ւմ եմ:


Սկսում ես հագնվել, կինդ երեխային է հագցնում: Հետո տանից դուրս եք գալիս: Կիրակի է՝ քիչ մեքենաներով, կիսաանձրևային, կիսաքնած, առավոտից լուռ ու անշտապ կիրակի: Տեսնում ես, թե ինչպես ավտոբուսը շարժվեց կանգառից` տանիքով դիպչելով ծառի ճյուղին, թե ինչպես հետո թափվեցին տերևները…


-Պա՛պ, նայի՜, տերևները թափրտվում են,- ասում է աղջիկդ: Հենց այդպես էլ ասեց` «թափրտվել»:


-Հա՜, տերևները թափրտվում են,- արձագանքի պես ինքնաբերաբար կրկնելով՝ նայում ես հեռացող ավտոբուսի ետևից: Մեծ, կլոր, չաղ, կեղտոտ, սպիտակամոխրագույն ավտոբուսի:


-Պապա՛, մենք ավտոբուս կնստե՞նք:


-Չէ՛:


-Ուզում եմ ավտոբուս նստել:


-Այսօր` չէ՛:


-Բա ե՞րբ:


-Մի օր:


-«Մի օր»-ը ե՞րբ է:


-Չգիտեմ:


Եվ աղջիկդ իր տաք թաթիկով ամուր ու հնազանդորեն սեղմում է ձեռքդ: Դու հիշում ես, որ այնտեղ՝ լեռներում, դու շարունակ երազում էիր սրա մասին. որպեսզի աղջկադ հետ դուրս գայիր փողոց, քայլեիր նրա կողքին, ձեռքը բռնեիր: Իսկ հիմա ի՞նչ: Երազանքդ կատարվել է: Եվ ոչինչ…


Մետրոյի մուտքի մոտ ծեր կին է նստած. հաց է վաճառում: Հացը մի մեծ պայուսակի մեջ է` ծածկած ցելոֆանով` վրան անձրևի կաթիլներ:


-Թարմ հա՜ց, թարմ խրթխրթան հա՜ց, մոտեցե՜ք, հա՜ց առեք: Թարմ հա՜ց,- կանչում է ծեր կինը,- խրթխրթան հաց առե՜ք:


Դուք մոտենում եք ծեր կնոջը:


-Այ այս մեկն ի՞նչ արժե:


-Հարյուր դրամ,- պատասխանում է ծեր կինը,- շա՛տ լավ հաց է՝ թարմ, խրթխրթան:


-Երկու հատ տվեք:


Հետո ձեռքով պոկում ես հացի ծայրից մի մեծ կտոր ու տալիս աղջկադ:


-Ապրե՛ս, պա՛պ:


-Անուշ լինի: Կե՛ր: Համով է:


-Իսկ մենք ե՞րբ ավտոբուս կնստենք:


-Վաղը,- անսպասելի պատասխանում ես դու:


-Վաղը «մի օ՞րն» է:


-Չէ՛: Վաղը վաղն է:


-Իսկ մենք ո՞ւր ենք գնալու:


-Չգիտեմ:


-Արի գնանք կարուսելների մո՜տ:


-Արի՛:


-Ավտոբուսո՞վ:


-Հա՛:


-Վա՞ղը:


-Հա՛:


Դու քո երեքամյա դստրիկի հետ վերադառնում ես տուն: Մտածում ես, որ երեկոյան տանը շատ մարդ կլինի, իսկ դա նշանակում է, որ կարելի է խմել՝ առանց նկատված լինելու վտանգի: Դու քեզ համար բացահայտել ես, որ օղին շատ հաճախ կարող է օգնել և իրենով փոխարինել ինչ-որ անբացատրելի բանի, օրինակ՝ դատարկությանը…


«Այդքանն` այսօր»,- մտածում ես դու: Իսկ վաղը ավտոբուսով կգնաս կարուսելների մոտ: Չէ՞ որ դու խոստացար: Դու հասկացար, որ երբեմն այդպես էլ է պատահում, երբ սոսկ խոստումն է քեզ կապում կյանքին…


Թարգմանությունը` Մարիա ԼԱԶԱՐԵՎԱՅԻ